Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Ռուսախինիլին եղել է Արարատյան թագավորության մայրաքաղաքը։ Քաղաքը մթա 8-րդ դարում հիմնադրել է Ռուսա Ա արքան (մթա 735-713) նախկին մայրաքաղաք Վանից ոչ հեռու։ Այժմ գտնվում է Վան քաղաքի հատակագծի մեջ՝ հյուսիսարևելյան հատվածում՝ Ագռավաքար կոչված վայրում։
Մթա 743 թվականին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար Գ-ն, արշավելով Հայաստան, գրավեց և ավերածությունների ենթարկեց Տուշպան։ Նոր գահ բարձրացած Ռուսա Ա թագավորը պետության մայրաքաղաքը տեղափոխեց նախկինից ոչ հեռու գտնվող Ագռավաքար ժայռին կառուցած և իր անունով անվանակոչած Ռուսախինիլի։
Ռուսախինիլին բարձր ժայռի վրա է կառուցված և 56 աստիճաններով կապված է ստորոտում գտնվող ժայռափոր քարանձավ-տաճարին, որը, հավանաբար, միաժամանակ ծառայել է որպես արքայական դամբարան։ Ժայռափոր տաճարը լուսավորվել է վերևում բացված անցքից։ Կենտրոնական հատվածում փոս կա, որն ամենայն հավանականությամբ ջրավազան է եղել՝ անդրադարձի միջոցով տաճարում լուսային էֆեկտի ապահովման համար։
Ռուսա արքան մայրաքաղաքը ջրով ապահովելու նպատակով Ռուսախինիլիից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա երկու ջրամբարտակ կառուցեց, որտեղից ջուրը ջրանցքով հոսում էր մայրաքաղաք՝ ապահովելով քաղաքի բնակիչներին ոչ միայն խմելու և կենցաղային ջրով, այլև ոռոգելով շրջակա այգիներն ու ցանքատարածությունները։
Ռուսա Ա-ի կառուցած ջրամբարտակների հետքերը պահպանվում են մինչ օրս, իսկ ջրանցքները գործել են մինչև 19-րդ դարի վերջը։
Ռուսախինիլիի տարածքը հիմա թուրքերը կոչում են Թափրախ-կալե, որը նշանակում է Հողե ամրոց։
Այստեղ 19-րդ դարավերջին պեղումներ են իրականացրել Վանում Մեծ Բրիտանիայի դեսպանության քարտուղար Կլեյտոնը, ամերիկացի միսսիոներ Ռայնոլդը, այլ անձինք։ Նրանք, բնականաբար, հնէաբաններ չէին։
Առաջին անգամ Ռուսախինիլին ուսումնասիրվել է 1898 թվականին գերմանացի հնէաբան Լեման-Հաուպտի կողմից։ 1916 թվականին այստեղ պեղումներ են իրականացրել նաև Նիկողայոս Մառը և Հովսեփ Օրբելին։
Պեղումների ժամանակ տաճարում բացվել են գունավոր քարերով շարված պատերը, զոհարանը։ Բազում ծիսական իրեր և առարկաներ են հայտնաբերվել առյուծների, ցուլերի պատկերներով, ինչը վկայում է, որ տաճարը նվիրված էր Միհրին։ Հայտնաբերվել են նաև զենք, զինամթերք, զրահներ, վահաններ, խեցեղեն, աստվածների, քրմերի փղոսկրյա արձանիկներ, մեդալիոններ, ոսկյա իրեր, կնիքներ, թևավոր ցուլերի արձանիկներ, մետաքսե գործվածքներ, զանազան այլ քանդակներ։
Այժմ ամրոցի տարածքում տեղակայված է թուրքական զինված ուժերի զինախումբ։
Մայրաքաղաքի մոտ Մհերի դուռն է։ Այստեղ հայոց Մենուա արքան ժայռը հարթեցրեց, դռնաձև կտրվածք անել տվեց և վրան մեծ արձանագրություն թողեց։ Արձանագրությունը նվիրված է Արարատյան թագավորության աստվածների դիցարանին։ Դիցարանի գլխին կանգնած էր Խալդը (Հայկ), նրա կողքերին՝ զորության աստված Թեյշեբան (Վահագն) և մայրության աստվածուհի Շիվինին (Անահիտ):
Արքան արձանագրության մեջ փաստել է, թե տարվա յուրաքանչյուր օրը որ աստծուն է նվիրված, և այդ աստծուն ինչ զոհաբերություն է պետք մատուցել։
Փաստորեն՝ սա Արարատյան թագավորության գլխավոր օրացույցը և տոնացույցն է, որը նմանատիպ օրացույցների մեջ հնագույնն է աշխարհում։
Հայոց ժողովրդական էպոսը (ավանդույթը) այս ժայռի հետ է կապում Փոքր Մհերի (Միհր աստծու) ավանդույթը։ Փոքր Մհերը, հուսահատված տիրող անիրավությունից ու անարդար կարգերից, փակվում է Ագռավաքարում և հայտարարում․ «Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ։ Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես այնժամ դուրս կգամ ժայռի միջից»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ գրքից։
Լուսանկարում՝ Ագռավաքար․ Մհերի դուռը։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев